TaxCode.am տեղեկատվական համակարգի օգտագործման պայմաններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դուք ներկայումս օգտագործում եք տեղեկատվական համակարգի փորձնական
տարբերակը, որը չի ներառում բոլոր արդիական տվյալները։ Տեղեկատվական համակարգի ամբողջական
համալրումից և արդիականացումից հետո Ծառայություն մատուցողն այդ մասին կհայտարարի,
և սույն ծանուցումը կհեռացվի։

 

Ա․ Ընդհանուր դրույթներ Օգտագործման պայմանների մասին

     1. Սույն Օգտագործման պայմաններում կիրառվող՝ մեծատառով գրված հասկացություններն ունեն
         հետևյալ իմաստները․
     Օգտագործման պայմաններ՝ սույն Օգտագործման պայմանները․
     Կայք՝ www.taxcode.am ինտերնետային կայքը,
     Տեղեկատվական համակարգ՝ Կայքի միջոցով վարվող և շարունակաբար թարմացվող տեղեկատվական
     համակարգ, որը ներառում է Կայքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն (հղումների միջոցով) հասանելի՝
     ՀՀ հարկային օրենսգրքի արդիական խմբագրությունը և դրա հետ կապված հետևյալ փաստաթղթերը՝ 
     ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումներ,
     իրազեկումներ, բողոքարկման հանձնաժողովի որոշումներ, ՀՀ վարչական, վերաքննիչ վարչական,
     վճռաբեկ և սահմանադրական դատարանների օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր․
     Ծառայություններ՝ Տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների վճարովի տրամադրման
     ծառայություններ․
     Գնային փաթեթ՝ Կայքում առաջարկվող վճարման պայմանների համակցություն, որն ընտրելուց և
     համապատասխան վճարումը կատարելուց հետո Օգտագործողը հասանելիություն է ստանում
     Տեղեկատվական համակարգին, և որը ներառում է Օգտագործողների առավելագույն քանակի,
     Ծառայություններից օգտվելու ժամկետի և Ծառայությունների գնի վերաբերյալ պայմաններ․
     Ծառայություն մատուցող՝ անձ, որը մատուցում է Ծառայությունները․
     Օգտագործող՝ անձ, որը գրանցվել է Կայքում կամ Կայքում գրանցված անձի կողմից հասանելիություն է
     ստացել Տեղեկատվական համակարգին․
     Օգտագործողի տվյալներ՝ ցանկացած տեղեկություն, որն Օգտագործողը մուտքագրում է Կայք կամ այլ
     կերպ տրամադրում է Ծառայություն մատուցողին՝ Կայքում գրանցվելիս, Գնային փաթեթ ընտրելիս,
     վճարումներ կատարելիս և Ծառայություններ ստանալիս։
     2. Օգտագործման պայմանները կարգավորում են Ծառայություն մատուցողի և Օգտագործողի միջև
         Ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները։
     3. Կայքում գրանցվելու, Գնային փաթեթ ընտրելու, վճարումներ կատարելու, Տեղեկատվական
         համակարգին հասանելիություն ստանալու համար Կայքում ներկայացվող բոլոր պահանջներն ու
         պայմանները համարվում են Օգտագործման պայմանների անբաժանելի մաս։
 

Բ․ Ընդհանուր դրույթներ Օգտագործման պայմանների մասին

     4. Օգտագործողը Կայքում գրանցվելուց, որևէ Գնային փաթեթ ընտրելուց և համապատասխան վճարում
         կատարելուց հետո հասանելիություն է ստանում Տեղեկատվական համակարգին և կարող է Գնային 
         փաթեթ նախատեսված պայմանների շրջանակում նույն հասանելիությունն ապահովել այլ
         Օգտագործողների համար։
     5. Ծառայությունները ներառում են Տեղեկատվական համակարգում առկա բոլոր տեղեկությունների
         հասանելիության ապահովում Օգտագործողի համար՝ վճարված Գնային փաթեթով նախատեսված
         ժամկետում։ Հասանելի տեղեկությունների ծավալը նույնն է բոլոր Օգտագործողների համար՝ անկախ
         ընտրված Գնային փաթեթից։
 

Գ․ Ծառայություն մատուցողը և Օգտագործողին ներկայացվող պահանջներ

     6. Ծառայություն մատուցողն «Իրավատեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է
         (գտնվելու վայրի հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, 61շ․, բն․ 30, պետական գրանցման
         համար՝ 290.110.1130119, ՀՎՀՀ՝ 01302619)։
     7. Օգտագործող կարող է լինել լրիվ գործունակություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ և
         ցանկացած իրավաբանական անձ։ Կայքում գրանցվող և Տեղեկատվական համակարգին
         հասանելիություն ստացող ցանկացած անձ հավաստիացնում է, որ ինքը համապատասխանում է
         Օգտագործողին ներկայացվող պահանջներին, իսկ նշված գործողություններն իրավաբանական անձի
         անունից կատարելու դեպքում ունի դրա համար անհրաժեշտ լիազորություններ։
     8. Օգտագործման պայմաններով ներկայացվող պահանջներին Օգտագործողի համապատասխանությունը,
         ինչպես նաև իրավաբանական անձ Օգտագործողի անունից հանդես եկող անձի լիազորությունները
         Ծառայություն մատուցողի կողմից չեն ստուգվում։ Նշված պահանջների խախտման կամ
         իրավաբանական անձ Օգտագործողի անունից հանդես եկող անձի լիազորությունների բացակայության
         դեպքում Օգտագործողը և իրավաբանական անձ Օգտագործողի անունից հանդես եկող անձը
         պարտավորվում են Ծառայություն մատուցողին զերծ պահել դրա հետևանքով ծագող ցանկացած
         վնասի հատուցման կամ պատասխանատվության պահանջից (այդ թվում՝ երրորդ անձանց կողմից) և
         հատուցել Ծառայություն մատուցողի կրած իրական վնասներն ամբողջ ծավալով։
 

Դ․ Օգտագործողի տվյալների պաշտպանությունը

     9. Ծառայություն մատուցողը ձեռնարկում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտադիր
         միջոցները՝ Օգտագործողի տվյալների պաշտպանության համար։ Ծառայություն մատուցողն
         Օգտագործողի տվյալներն օգտագործում է միայն հետևյալ նպատակներով․
         ա) Ծառայությունների պատշաճ մատուցում և դրանց հետագա բարելավում.
         բ) Օգտագործողի հետ հաղորդակցություն՝ Ծառայությունների մատուցման, դրանց որակի
         գնահատման հետ կապված հարցերով․
         գ) Օգտագործողի հետ հաղորդակցություն՝ Ծառայություն մատուցողի նոր առաջարկները նրան
         ներկայացնելու և այլ մարքետինգային նպատակներով։
     10. Ծառայություն մատուցողն Օգտագործողի տվյալները տրամադրում է՝
         ա) իր աշխատողներին և իրեն ծառայություններ մատուցողներին՝ Կայքի պատշաճ աշխատանքը և
         Ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովելու նպատակով, ընդ որում՝ նշված անձանց հետ
         հարաբերություններում Ծառայություն մատուցողն ապահովում է, որ նրանք անհրաժեշտ տվյալներին
         հասանելիություն ունենան միայն իրենց պարտականությունների կատարման շրջանակում և իրավունք
         չունենան այդ տվյալներն օգտագործելու այլ նպատակներով․
         բ) այլ անձանց, հանրային իշխանության մարմիններին, եթե նման պարտականություն ունի ՀՀ
         օրենսդրությամբ։
     11. Կայքի պատշաճ աշխատանքը և Ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովելու նպատակով
         ավտոմատ կերպով կարող են հավաքվել և մշակվել Օգտագործողի IP հասցեն, բրաուզերի անվանումը,
         համակարգչի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետ կապի մատակարարը և այլ
         համանման տեխնիկական բնույթի տեղեկություններ:
 

Ե․ Հղումներ դեպի այլ կայքեր

    12. Օգտագործողն իրազեկված է, որ Տեղեկատվական համակարգը պարունակում է ակտիվ հղումներ դեպի
         այլ կայքեր։ Ծառայություն մատուցողը ներդնում է անհրաժեշտ շրջահայացություն, որ
         Տեղեկատվական համակարգը պարունակի հղումներ միայն դեպի գործող և բավականաչափ վստահելի
         կայքեր։ Այնուամենայնիվ, Ծառայություն մատուցողը չի վերահսկում այլ կայքերի գործունեությունը և
         պատասխանատվություն չի կրում այլ կայքերի հնարավոր խափանումների, այլ կայքեր այցելելու և
         դրանցից օգտվելու հետևանքով Օգտագործողի տվյալների արտահոսքի, Օգտագործողի կրած
         նյութական և ոչ նյութական վնասների համար։ Օգտագործողը ցանկացած դեպքում հղումների միջոցով
         այլ կայքեր այցելելիս պետք է դրսևորի անհրաժեշտ շրջահայացություն՝ այդ կայքերից օգտվելիս իր
         տվյալները և իրավունքները պաշտպանելու նպատակով։
 

Զ․ Հաղորդակցություն

    13. Ծառայություն մատուցողի և Օգտագործողի միջև Ծառայությունների մատուցման հետ կապված
         ցանկացած հաղորդակցություն իրականացվում է էլեկտրոնային փոստով, ընդ որում՝ Ծառայություն
         մատուցողի դեպքում կիրառվում է Կայքի «Հետադարձ կապ» բաժնում նշված հասցեն, իսկ
         Օգտագործողի դեպքում՝ Կայքում գրանցվելիս նրա նշած կամ Կայքում այլ կերպ մուտքագրված
         հասցեն։
   14. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, հաշտարարը, ինչպես նաև պետական մարմինները կարող
        են Ծառայությունների մատուցման հետ կապված և (կամ) Օգտագործման պայմաններից բխող վեճերի
        լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ Ծառայություն
        մատուցողի կամ Օգտագործողի պահանջով կիրառել Օգտագործման պայմաններով սահմանված
        ծանուցման կարգը:
 

Է․ Ծառայություն մատուցողի պատասխանատվությունը

    15. Օգտագործողի կամ այլ անձանց համար հարկային, ֆինանսական կամ իրավական հետևանքներ
        առաջացնող որոշումներ ընդունելիս կամ խորհրդատվություն տրամադրելիս Օգտագործողը պետք է
        Տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները ստուգի պաշտոնական աղբյուրներից։
        Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Տեղեկատվական համակարգում որևէ
        տեղեկության բացակայության հետևանքով Օգտագործողի և ցանկացած երրորդ անձի կրած վնասների,
        կորուստների կամ նրանց նկատմամբ կիրառված պատասխանատվության որևէ միջոցի համար։
    16. Եթե Տեղեկատվական համակարգում տեղադրման ենթակա որևէ տեղեկություն պաշտոնական
        էլեկտրոնային աղբյուրներում դրա հրապարակման պահից ավելի քան մեկ ամիս անց ներառված չլինի
        Տեղեկատվական համակարգում, ապա Ծառայություն մատուցողն Օգտագործողի պահանջով վերջինիս
        կվճարի տուգանք՝ Օգտագործողի ընթացիկ Գնային փաթեթի մեկ ամսվա վճարի չափով։
 

Ը․ Կիրառելի իրավունք և վեճերի լուծում

    17. Ծառայությունների մատուցման և Օգտագործման պայմանների նկատմամբ կիրառելի իրավունքը
        Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքն է։
    18. Օգտագործման պայմանների գործողության, վավերության, կիրառման, խախտման, դադարման և
        Ծառայությունների մատուցմանն առնչվող՝ Ծառայություն մատուցողի և Օգտագործողի միջև
        ցանկացած այլ վեճի լուծումը, բաացառելով պետական դատարանների ենթակայությունը, հանձնվում
        է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին (ՀՀ ԱԱՊ) կից մշտապես
        գործող արբիտրաժային հաստատությանը` համաձայն վերջինիս կանոնակարգի՝ միանձնյա
        արբիտրաժային տրիբունալի կազմով, դատավարության լեզուն` հայերեն, արբիտրաժի վայրը` քաղաք
        Երևան։ Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն։
 

Թ․ Օգտագործման պայմանների փոփոխությունները

    19.  Ծառայություն մատուցողը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել Օգտագործման պայմանները՝
        դրանց նոր խմբագրությունը հրապարակելով Կայքում։ Նման փոփոխությունները կիրառելի կլինեն
        միայն այն Օգտագործողների նկատմամբ, որոնք իրենց ընտրած Գնային փաթեթների համար կվճարեն
        (ներառյալ՝ նախկինում ընտրված Գնային փաթեթի ժամկետը երկարաձգման համար) Օգտագործման
        պայմանների նոր խմբագրությունը Կայքում հրապարակվելուց հետո։